ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բրեկզիտ` Թերեզա Մեյի տրիու՞մֆը, թե՞ պյուռոսյան հաղթանակ

Բրեկզիտ` Թերեզա Մեյի տրիու՞մֆը, թե՞ պյուռոսյան հաղթանակ
31.01.2019 | 11:00

Բրիտանական թերթերը գրում են, որ խորհրդարանը չկարողացավ բրեկզիտի որևէ նոր լուծում գտնել ու վարչապետ Թերեզա Մեյին հանձնարարեց Բրյուսելի հետ նոր բանակցությունների գնալ:


Daily Mail-ի խմբագրականը սկսվում է «Ալիլույա» բառով: Այն պահին, երբ թվում էր, որ խորհրդարանը խեղդվում է որևէ լուծում գտնելու սեփական անկարողության ճահճում, պատգամավորները կարողացան համաձայնության գալ բրեկզիտի տրամաբանական ռազմավարության հարցում: Այո, առաջ շարժվելու ճանապարհին ամեն թփի տակ տարատեսակ խնդիրներ են, բայց խորհրդարանում գտնված կոմպրոմիսը կարող է հանգիստ բրեկզիտի հանգեցնել: Վարչապետ Թերեզա Մեյը պատրաստակամ է կոմպրոմիսների, և դա արժանի է շնորհավորանքի:
Երեքշաբթին Թերեզա Մեյի օրն էր, բայց նաև հրաշալի օր էր ժողովրդավարության ու Մեծ Բրիտանիայի ժողովրդի համար, որ քվեարկել է հօգուտ բրեկզիտի ու հիմա ցանկանում է, որ վարչապետը դա իրականացնի:


Guardian-ը իր խմբագրականում գրում է, որ Թերեզա Մեյի հաղթանակը կարող է պյուռոսյան լինել: Մեյի համար գլխավորը իր կուսակցության շահերն ու միասնականությունն են, ոչ թե երկրի շահերը: Եվ նա համաձայնեց համոզված բրեկզիտականների երևակայության թռիչքների հետ` խորհրդարանում ասելով, որ իրեն կհաջողվի լուրջ ու իրավականորեն պարտադիր փոփոխությունների հասնել ԵՄ-ի հետ պայմանավորվածություններում: Խնդիրն այն է, որ այդ խոստումները անիրական են: Դեռ հունվարի սկզբին ինքը` Թերեզա Մեյը, հայտարարում է, որ ԵՄ-ն մտադիր չէ վերստին բանակցել: Այո, ցանկացած բանակցության մեջ թատրոնի տարր կա: Բայց Թերեզա Մեյը նախևառաջ ցանկանում է մնալ վարչապետ և հանուն դրա առաջարկում է փոփոխություններ ԵՄ-ի հետ իր իսկ համաձայնեցրած պայմանավորվածությունների մեջ, որպեսզի ստանա խորհրդարանի պատգամավորների աջակցությունը` անտեսելով փաստերը: Ֆրանսիայի նախկին վարչապետ Պիեռ Մենդես-Ֆրանսը մի առիթով ասել է` «Երկիրը կառավարելու համար պետք է ընտրություն անես` որքան էլ դա ծանր է»: Թերեզա Մեյն ընտրություն չի արել: Փոխարենը նախընտրում է ջերմացնել բրեկզիտականների երևակայությունը: Այդպես երկիր չեն կառավարում:


Guardian-ը նաև հրապարակել է իր վերլուծաբան Ռաֆայել Բերի հոդվածը: Բերը գրում է, որ Թերեզա Մեյը կարծում է, թե հաղթել է: Շուտով նա բախվելու է իրականությանը, որ կոչվում է բրեկզիտ: Բացարձակապես ակնհայտ է, որ բրեկզիտն աղետ է, բայց խորհրդարանի չափազանց շատ պատգամավորներ են հրաժարվում բարձրաձայն ասել, որ բրեկզիտից պետք է հրաժարվել: Եվրոպական մայրցամաքում մեր հարևանները դա չեն հասկանում: Նրանց տեսակետից` դա նման է այն անհարմարությանը, որ բրիտանացիները զգում են անծանոթ մարդկանց շրջապատում, և դա հանգեցրեց սահմանադրական ճգնաժամի: Ստեղծվում է տպավորություն, որ զուտ անգլիական դիմադրունակության պատճառով մենք այլևս ի վիճակի չենք մեր պրոբլեմների բուն պատճառներն անվանել: Դա ԵՄ-ի հետ համաձայնությունը չէ, բրեկզիտի ամսաթիվը չէ, Բրյուսելը չէ: Դա հենց բրեկզիտն է: «Բրեկզիտը թույն է, որ շրջանառվում է մեր քաղաքական համակարգի երակներով: Մենք պետք է առողջացման ճանապարհ գտնենք, ոչ թե այդ թույնի հերթական չափաբաժինը»` եզրակացնում է Ռաֆայել Բերը:


Times-ի իր խմբագրականում գրում է, որ արդեն երկու տարի Բրյուսելը խնդրում է Բրիտանիայի կառավարությանը հստակ ասել` ի՞նչ բրեկզիտ է ուզում: Երեքշաբթի օրը խորհրդարանը պատասխանեց այդ հարցին: Գործնականում ոչ մի կասկած, որ ԵՄ-ն կմերժի Թերեզա Մեյի նոր առաջարկները: Բայց ԵՄ-ն պետք է հասկանա, որ ինչ-որ կոմպրոմիսի պետք է գնա, այս կամ այն կերպ բրեկզիտը կարող է կայանալ առանց որևէ համաձայնագրի: ԵՄ-ն պետք է հասկանա, որ լավագույն համաձայնագիրը մնում է Թերեզա Մեյի առաջարկը և ԵՄ-ն պետք է զիջումների գնա:
ВВС


Հ.Գ. Ի՞նչ կորոշի Բրյուսելը, որ բազմիցս հայտարարել է` բանակցություններն ավարտվել են, ի՞նչ նոր փաստարկով Մեծ Բրիտանիայի վարչապետը պետք է համոզի ԵՄ երկրներին վերսկսել բանակցությունները: Սա հարցի մի կողմն է, մյուս կողմում փոփոխություններն են, որ կատարվում են Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատից դուրս, փոփոխություններ, որոնց իշխող Տորիները բախվելու են ընտրություններում: «i» թերթը հաղորդում է, որ բրեկզիտի պատճառով հազարավոր հրեաներ, որ հոլոքոստի զոհերի ժառանգներն են, Գերմանիայի քաղաքացիություն ստանալու դիմումներ են տալիս: Թերթը բերում է Լոնդոնում ծնված-մեծացած Սայմոն Ուոլֆիշի օրինակը: Նա Օսվենցիմով անցած հրեաների թոռ է: Նրա պապը երդվել է երբեք ոտք չդնել այն երկիրը, որ խլել է իր ծնողների ու 6 միլիոն հրեաների կյանքը: Բայց հոլոքոստից 70 տարի անց Սայմոն Ուոլֆիշը, շատերի պես, զգուշանալաով բրեկզիտի հետևանքներից, Գերմանիայի քաղաքացիություն ստանալու դիմում է տվել, որից նրա պապին զրկել է Երրորդ ռեյխը: «Մղձավանջը, որ մենք անվանում ենք բրեկզիտ, ինձ ստիպում է երեխաներիս համար արժանի ապագա գտնել»` ասում է 36-ամյա Ուոլֆիշը: Նա հայտնի երգիչ ու թավջութակահար է: Գերմանիայի քաղաքացիություն ստացել է հոկտեմբերին: «Եվոպացի մնալու համար ինձ պետք է եվրոպացու քաղաքացիություն»` բացատրում է Ուոլֆիշը: Ի՞նչ ունի ասելու իր երկրի հազարավոր ուլֆիշներին Թերեզա Մեյը:


ԵՄ-ից դուրս գալուց 2 ամիս առաջ նա փորձում է վերաբանակցել Բրյուսելի հետ: Համայնքների պալատը ցանկանում է, որ Մեյը զիջումներ կորզի «հյուսիսիռլանդական բեքստոպի» հարցում: Բրիտանական խորհրդարանի մերժած համաձայնագրի այս դրույթը վերաբերում էր Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդական Հանրապետության միջև սահմանային հսկողությանը: Նախատեսվում էր, որ Հյուսիսային Իռլանդիան կշարունակի ԵՄ մաքսային միության և միասնական շուկայի կազմում մնալ, եթե Լոնդոնը և Դուբլինը չկարողանան համաձայնության գալ ներիռլանդական սահմանի թափանցիկության շուրջ: Կղզու երկու հատվածներում սահմանային հսկողության բացակայությունը նպաստեց Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության կարգավորմանը: Լոնդոնում լուրջ մտավախություններ կան, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում Հյուսիսային Իռլանդիայի համար բացառությունը կարող է վտանգել Միացյալ Թագավորության տարածքային ամբողջականությունը: Համայնքների պալատում քվեարկությունից րոպեներ անց ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց. «Իռլանդական «բեքստոպը» Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու համաձայնագրի հատվածներից մեկն է: Իսկ այդ համաձայնագիրը վերաբանակցման ենթակա չէ»: Եվրոպական խորհրդարանի` բրեկզիտի հարցով գլխավոր բանագնաց Գի Վերհովսթադը ևս բացառում է Հյուսիսային Իռլանդիայի հարցում զիջումները: «Ես չեմ կարծում, որ մենք կարող ենք նման քայլի գնալ մի շատ պարզ պատճառով` «բեքստոպը» համաձայնագրի դրույթներից մեկն էր: Մյուս կողմից, մենք կարող ենք Մեծ Բրիտանիայի հետ քննարկել մեր հետագա հարաբերությունները», - նշում էր Վերհովսթադը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարավեվրոպական պետությունների ղեկավարների Կիպրոսում ընթացող գագաթաժողովի ավարտին ասաց. «Եվրոպական խորհուրդը արդեն իսկ հայտարարել է, որ Եվրամիության և Միացյալ Թագավորության միջև համաձայնեցված պայմանագիրը ներկա պայմաններում լավագույնն է և վերաբանակցման ենթակա չէ: Հուսով եմ, որ բրիտանական կառավարությունը Համայնքների պալատում կայացած քվեարկությունից հետո ի վիճակի կլինի բրեկզիտի հարցով ԵՄ գլխավոր բանագնաց Միշել Բարնյեին ներկայացնել քայլերի այն հաջորդականությունը, որ թույլ կտա մեզ խուսափել բոլորի համար անցանկալի տարբերակից` առանց համաձայնագրի կնքման բրեկզիտից: Ամեն դեպքում, մենք բոլորս պետք է պատրաստ լինենք նաև այդ տարբերակին»: Ինչի՞ վրա է Թերեզա Մեյի հույսը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ